Ալիև Իլհամը պահանջում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն:
ՀԽՍՀ-ն ուներ Սահմանադրություն, որտեղ խոսք չկար Լեռնային Ղարաբաղի մասին: Դա չխանգարեց, որ 1988 թ. ՀԽՍՀ ազգաբնակչությունը դուրս գա փողոց և «Միացում» վանկարկի:
Ավելին` ՀԽՍՀ Սահմանադրությունը չխանգարեց, որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին կայացվի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում:
ՀԽՍՀ Սահմանադրությունը չխանգարեց նաև Արցախի համապարփակ ազատագրմանը:
Այսինքն, Սահմանադրության այս կամ այն խմբագրումն ազգային զարթոնքի հետ որևէ կապ չունի:
Եթե կրկնվի 1988-ը, ապա Ալիևի Սահմանադրությունը որևէ դեր չի խաղալու:
Ալիև Իլհամը պահանջում է լուծարել Մինսկի խումբը:
1994 թ., երբ ամբողջությամբ ազատագրվեց Արցախը. Մինսկի խումբ չկար և դեռ հարց է, թե ում էր ձեռնտու այդ ձևաչափը:
Ամեն դեպքում, այժմ Մինսկի խումբ դե ֆակտո չկա: Այն այլևս լինել չի կարող, քանզի չկա խնդիրների այն շրջանակը, որը վերջինս փորձում էր լուծել:
Ստացվում է, որ Ալիև Իլհամը Հայաստանից ֆիկցիա է պահանջում:
Իսկ հասկանու՞մ է արդյոք Ալիև Իլհամը, որ իր պահանջները ֆիկտիվ են: Իհարկե, հասկանում է: Ֆիկտիվ պահանջներ առաջ քաշելու միակ բացատրությունը ժամանակ ձգելն է:
Իսկ հասկանու՞մ է արդյոք Փաշինյան Նիկոլը, որ Ալիև Իլհամի պահանջները ֆիկտիվ են:
Իհարկե հասկանում է:
Վերջինիս ձեռնտու են Ալիև Իլհամի «ժամանակ ձգելու» խաղի կանոնները, քանզի երկարաձգվում է նրա իշխանության ժամկետը:
Այլ կերպ ասած` երկու ֆիկցիաֆիլ ֆիկտիվ խաղ են նախաձեռնել:
Այդ խաղը երկար շարունակվել չի կարող: Այն կավարտվի... 1915 կամ 1988 թվականներին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ